7:27:35 րոպե

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, թե որ դեպքում Հայաստանը կօգտագործի «Իսկանդերները»

 Հայաստանը որոշում կկայացնի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների օգտագործման մասին՝ կախված իրավիճակի զարգացումից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես կարող եմ ձեզ ցույց տալ ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ինչի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար` «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում՝ մենք դիտարկում ենք այն որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին զսպման զենք է: Միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է զովացնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վիգեն Սարգսյանը ռուսական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք անցած տարի ձեռք են բերվել Ռուսաստանից, պատկանում են Հայաստանի զինված ուժերին, և դրանք կառավարում են հատուկ պատրաստություն անցած հայկական զինված ուժերի սպաները:

«Այն, որ «Իսկանդերները» տրամադրվել են Հայաստանին, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որովհետև դրանք բոլորն իրենց աչքով են տեսել: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել 100 տոկոսանոց վստահությամբ: Եվ այստեղ ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած բոլոր հարցերին՝ երբ, ինչ գումարով, վճարման ինչ ժամկետով և այլն, ինչպես հասկանում եք, այդ ամենը դասակարգվում է որպես «հույժ գաղտնի»: Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են: Այստեղ ես կարող եմ բացել գաղտնիքի քողը»,- ասել է նախարարը: