7:36:01 րոպե

2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար. Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքական դաշտ (տեսանյութ)

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ քիչ առաջ ելույթ ունեցավ ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս իր ելույթում մտահոգություն հայտնեց երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի որոշում կայացնի քաղաքականություն վերադառնալու: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը, ընդառաջ գնալով հանրային պահանջին, պատրաստ է երկրի առաջ ծառացած խնդիրների ծանր բեռն իր վրա վերցնել:

«Սիրելի հայրենակիցներ.

դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որևէ պաշտոն՝ հանուն փառքի և սեփական ամբիցիաների: 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որպեսզի ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման և արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար և շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ:

Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից և անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի և Արցախի կայությունն ու անվտանգությունը:

Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների՝ այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության և Աստծո դատին:

Ինձ են դիմում «Բարգավաճ Հայաստանի»-ի իմ կուսակից ընկերները, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ինձ են դիմում բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը: Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաև Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների և մտավորականության ներկայացուցիչների հետ, ովքեր ևս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն,-ասաց Գագիկ Ծառուկյանը և հավելեց, որ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում անգամ չի դադարել իրականացնել մի շարք բարեգործություններ:

Անդրադառնալով 2017-ի խորհրդարանական ընտրություններին Գագիկ Ծառուկյանն ասաց.

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: