7:34:06 րոպե

Մեր շանսերը գնահատում եմ փայլուն, հանրությանը ներկայացնելու ենք մրցունակ գաղափարներ. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

16231518_1235135316576929_528263545_o.thumb

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախընտրական շրջանում ձևավորվող քաղաքական դաշինքներին՝ նշելով, որ «Հայկական վերածնունդն» արդեն իսկ շուրջ 200 տարբեր միավորումների համախմբում է և բովանդակության մեջ արդեն իսկ յուրահատուկ դաշինք է:
«Այնպես որ, «Հայկական վերածնունդ»-ը ընտրություններին կմասնակցի ամենայն հավանակնությամբ միայնակ, բայց մեր դռները դեռ բաց են, քանի կոնսուլտացիաներ տեղի ունենում են և տեսնենք, թե ինչպիսին կլինի հանգրվանը»,- ասաց նա և նշեց, որ փետրվարի 11-ի իրենց համագումարին վերջնական որոշում կկայացվի: Նա նաև ասաց, թե քանի որ քաղաքական կոնսուլտացիաները բազմաբևեռ են, չի ցանկանում անուններ հնչեցնել:
Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ցուցակում կընդգրկվեն «շատ հետաքրքիր կանայք», քանի որ կինը քաղաքականության մեջ ճաշակի և ներդաշնակության խորհրդանիշ է:
Ըստ նրա՝ ընտրություններին մասնակից ուժերի թիվը չի գերազանցի մեկ տասնյակը: «Մենք կարևոր ենք համարում գաղափարների մրցակցությունը, կարևոր ենք համարում, որ փողը չդառնա վճռորոշ գործոն, ձայնագնությունը և ձայնագողությունը իրոք Հայաստանում այլևս տեղ չգտնեն, որովհետև մեր երկիրը և հասարակությունն իսկապես վիրավոր վիճակում են գտնվում: Մենք պետք է առողջացնենք մեր պետությունը, հասարակությունը քաղաքական այնպիսի պայքարի միջոցով, որտեղ իրար թշնամիներ չեն համարելու»,-ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք քսանամյա պայքարի փորձառություն ունեն և եզակի քաղաքական կուսակցություններից են, որը ներկա է եղել Հայաստանի բոլոր խորհրդարանում:
«Ես մեր շանսերը գնահատում եմ փայլուն, որովհետև հանրությանը ներկայացնելու ենք մրցունակ գաղափարներ, մենք հասարակությանը չենք տանելու թշնամության, ատելության, այլ՝ համախմբման, կոնսոլիդացիայի և հանուն մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու ճանապարհով»,-ասաց նա և նշեց, որ ունեն մարտունակ կառույց, հետաքրքիր ու մրցունակ գաղափարներ, գրավիչ և ներկայանալի թիմ, փորձված և կրթված մարդիկ և իր կարծիքով իրենք կարող են լավ արդյունքների հավակնել: